Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի «Քելե լաո, քելե էրթանք մըր էրգիր» խորագրով համերգի հրավիրյալ երաժիշտները Գերմանիայից են`դաշնակահար Սիլվա Ֆարմազյանը և թուրք երգչուհի Լեման Շտեհնը:
Համերգը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Թուրք երգչուհին եվրոպական երկրներում մասնակցում է հայկական ծրագրերով համերգների ու միջոցառումների, իր ուրույն մոտեցումն ունի Հայոց ցեղասպանության հարցում: Հայկական երգերը նա ներկայացնելու է հայերենով:
ԼԵՄԱՆ ՇՏԵՀՆ (գերմանաբնակ թուրք երգչուհի, սոպրանո)
-Ինչո՞վ Ձեզ գրավեց հայկական երգարվեստը:
-Ես կարծում եմ, որ բոլոր ազգերը գեղեցիկ են ու հարազատ իրենց սրտով, հոգով, լեզվով, նրանց բոլորի մշակույթը մեծ գանձ է աշխարհի համար: Համալսարանում սովորելու տարիներին ես ձեռք բերեցի հայ ընկերներ, որոնք շատ թանկ են ինձ համար: Մենք ունեինք փոքրիկ երգչախումբ: Գևորգ Դավթյանը, որ այսօր Ստամբուլի օպերային պետական թատրոնի տնօրենն է, մեզ սովորեցնում էր հայերեն երգեր, որոնք երգում էինք Ծննդյան տոներին: Հայ երաժշտությանը սիրահարվեցի այդ ժամանակվանից:
-Թուրքիայում ներկայացրե՞լ եք հայկական երգեր:
-Հայկական երաժշտութունը և՛ Ծննդյան տոներին, և՛ ուրիշ առիթներով, միշտ էլ ներկայացրել եմ:
-Թուրքիայում շատերը պարզում են, որ իրենք հայ են կամ այլազգի, Դուք մտավախություն, ավելի ճիշտ` կասկածներ չե՞ք ունեցել, որ կարող եք հայկական ծագում ունենալ:
-Այդ հարցն ինձ չի մտահոգել, ավելի շատ հետաքրքրել է: Իմ ընտանիքում շատ են եկվորները տարբեր տեղերից` Ալբանիայից, Եգիպտոսից, Կիլիկիայից: Ես 47 տարեկան եմ, երեկ չէ առաջին օրն եմ իմացել, որ պապիկիս պապը որբ քրիստոնյա է եղել: Անպայման չէ, որ հայ լինի, բայց կարող է նաև հայ լինել:
ՍԵԴՐԱԿ ԵՐԿԱՆՅԱՆ («Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր)
-Ցեղասպանության 100-րդ տարելիցին թուրք երգչուհու հետ հայկական երգը մատուցելը բացառիկ ձևաչափ է: Ինչպիսի՞ն են արձագանքները համերգային այս ծրագրի շուրջ:
-Որպեսզի կարողանամ Ձեր հարցին ամբողջական պատասխան տալ, պետք է ապավինեմ Ձեր աջակցությանը: Բնականաբար, իմ շրջապատում, ովքեր տեղյակ են համերգի մասին, կա հետաքրքություն, բայց լայն առումով դուք պետք է տարածեք, որ հանրությունը տա իր ճշմարիտ գնահատականը: Ես իմ կողմից կարող եմ ասել, որ Լեման Շտեհնը շատ հետաքրքիր ձայն ունի, շատ անուշ երգում է, որպես դիրիժոր, երաժիշտ արդեն վայելել եմ երգչուհու հետ միասնաբար արարելու, միասին թևածելու հաճույքը: Կուզենայի այդ ճախրանքը տարածվեր, հանրությունն իմանար, որ կան այսպիսի մարդիկ, որոնց հետ կարելի է բեմ բարձրանալ, հաց կիսել, սիրել, զբոսնել: Հավելեմ, որ ծրագրում հայկական ժողովրդական երգեր են («Գարուն ա», «Կռունկ», «Կիլիկիա», «Ծիրանի ծառ», «Դլե յաման», «Սարի յալին»), նվագներ, կլինեն նաև պրեմիերաներ:
Ճեպազրույցները` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ
Հ. Գ. Արձագանքների առնչությամբ դեռևս ոչինչ ասել չենք կարող: Ոմանց համար ողջունելի կլինի թուրք երգչուհու խաղաղասիրական, առաջադեմ դիրքորոշումը, ոմանց համար անհնար կլինի (ինչպես և ինձ) լսելը «Դլե յամանն» ու «Կիլիկիան» թուրք երգչուհու մեկնաբանությամբ, առավել ևս` հայերենով: Լավ ու վատ կատարումը, այս դեպքում, կմղվի երկրորդ պլան կամ կգրավի մասնագետների ուշադրությունը: Գուցե երգչուհու հայ երաժշտության նկատմամբ սերը, ինչպես և մշտապես ուղեկցվող ժպիտը, անկեղծ է, բայց ոչ ոքի համար գաղտնիք չէ Թուրքիայի երկդիմի քաղաքականությունը: Մշակութային երկխոսություն ասվածին վերապահումով եմ մոտենում: Եվ կարծում եմ` թուրք շատ մտավորականների կողմից ցեղասպանությունն ընդունել-չընդունելն էլ կեղծ կատեգորիա է, երբ գործ ունենք խնդրի հետ, որ ոչ թե երկխոսություններ, հաշտություն է ենթադրում, այլ պահանջատիրություն ու հատուցում: